Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վազգեն Մանուկյան. «Իշխանափոխության պահանջը ոչ ընդունում եմ օգտակար, ոչ էլ ընդունում եմ իրականանալի»

Վազգեն Մանուկյան. «Իշխանափոխության պահանջը ոչ ընդունում եմ օգտակար, ոչ էլ ընդունում եմ իրականանալի»
19.10.2014 | 16:59

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար եռյակի անցկացրած հանրահավաքը ստանդարտ, շարքային հանրահավաք էր, որոնցից ինքը մի քանի հարյուր հատ տեսել է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ոչիշխանական ուժերի եռյակի՝ հոկտեմբերի 10-ի և հետագայում խոստացած հանրահավաքներին, Վազգեն Մանուկյանն ասաց, թե՝ «Ես այս 25 տարիների ընթացքում այնքան հանրահավաքներով եմ անցել, ինձ համար սա սովորական հանրահավաք էր: Ինձ համար սա ստանդարտ, շարքային հանրահավաք էր, որոնցից մի քանի հարյուր հատ տեսել եմ»:
«Բնական է, որ ընդդիմությունը պետք է հանրահավաք աներ: Սակայն խոստումները, որն ընդդիմությունը տվեց, անիրականանալի են թվում: Ինձ թվում է՝ ընդդիմությունը մտավ մի պատասխանատվության տակ, որից դժվար կլինի դուրս գալը: Այսինքն՝ անընդհատ նույն բանը կրկնվում է տարիների ընթացքում. ընդդիմությունն ասում է մի բան, հետո դա չի լինում, մարդիկ նորից հիասթափվում են: Ինչ վերաբերում է հանրահավաքին … դե ընդդիմությունը միշտ էլ պետք է հանրահավաք անի, նորմալ է, բան չունեմ ասելու»,- նշեց Հանրային խորհրդի նախագահը:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի եռյակի իշխանափոխության պահանջին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իշխանափոխության պահանջը ոչ ընդունում եմ օգտակար, ոչ էլ ընդունում եմ իրականանալի: Դրա համար էլ այդ պահանջներն ուղղակի ժողովրդին դուր գալու, ժողովրդի հատկապես այդ բորբոքված հատվածին դուր գալու ձևեր են, բայց լուծումներ չեն կարող իրենց մեջ պարունակել»:
Ինչ վերաբերում է եռյակի կողմից խոստացված հետագա հանրահավաքներին՝ Վազգեն Մանուկյանը կարծում է, թե ժողովրդի մի զգալի հատվածն ունի բնական դժգոհություն իշխանություններից: «Դրա վրա էլ հենց կառուցված է ընդդիմության տարրը, բայց թե ի՞նչ աստիճանի կարելի է հասցնել դա, ի՞նչ աստիճանի չի կարելի հասցնել՝ մինչև հիմա եղած պրակտիկան ցույց է տալիս, որ լարվածություն կարելի է առաջացնել ընտրություններից անմիջապես հետո»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում, սովորաբար, լարվածություն չի առաջանում, և նա, ով անընդհատ խոստանում է լարվածություն, վերջում կանգնում է մի կոտրած տաշտակի առջև, որովհետև ժողովուրդն իրեն սկսում է արդեն չվստահել:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ